Մրցաշար ChessAcademy.am
Ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը
2020-01-17Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարը: Երեկ կայացան մրցաշարի 8-րդ տուրի պարտիաները:
Վիկտոր Մատվիիշեն – Եվգենի Լևին պարտիայում խաղացվեց Նոր հնդկական պաշտպանություն: Սևերին հաջողվեց հավասար հնարավորություններով դուրս գալ սկզբնախաղից, և 21-րդ քայլում կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի:
Աննա Սարգսյան – Արմեն Բարսեղյան պարտիայում կիրառվեց Բենոնիի պաշտպանության սուր տարբերակներից մեկը: Սևերին հաջողվեց լուծել սկզբնախաղային խնդիրները, իսկ 19-րդ քայլում սպիտակների թույլ տված կոպիտ վրիպումից հետո՝
19.b3?-Ձ fxd5 ! (սպիտակները չեն կարողանում խաղալ 20.ed? –Նxe3! քայլի պատճառով) սևերը ստացան որակի ու զինվորի առավելություն և հստակորեն իրացրեցին նյութական առավելությունը:
Արթուր Դավթյան – Զուրաբ Ստուրուա պարտիայում խաղացվեց Կատալոնական սկզբնախաղ, որտեղ ավելի հաջող գործեցին սպիտակները՝ ստանալով դիրքային առավելություն: Հետզհետե ուժեղացնելով ճնշումը սևերի թույլ զինվորների վրա և օգտվելով նրանց աննշան անճշտություններից՝
47. Ձd7+ - Աb7 48. Ձe5 – Ձb5 49. Նc6 – Նa3+ 50. Աf4 քայլերից հետո շահեցին զինվոր և հստակ հասան հաղթանակի:
Դավիթ Շահինյան – Ստեֆան Պողոսյան պարտիայում ստացվեց Անգլիական սկզբնախաղ: Միջնախաղում սպիտակները ստացան երկու փղերի առավելություն և գրոհի լավ հնարավորություն արքայական թևում:
24… Ահ7 քայլը միայն արագացրեց սպիտակների հաղթանակը: 25. h4 !, հետագայում անցկացրեցին g5՝ բացելով g գիծը և հասնելով g7 թույլ դաշտին: Արդյունքում սպիտակները շահեցին ֆիգուր և 36-րդ քայլում հասան հաղթանակի:
Պլատոն Գալպերին – Հովիկ Հայրապետյան պարտիայում խաղացվեց Սիցիլիական պաշտպանություն: Մրցակիցները տեղափոխություն արեցին տարբեր թևերում: Միջնախաղում ավելի հստակ գործեցին սևերը և ստացան շահավետ վերջնախաղ. 22-րդ քայլից առաջ ստացվել էր հետևյալ դրությունը՝
22. Ձg4? քայլը սպիտակներին զրկեց հակախաղի հնարավորությունից (ավելի լավ էր Փe3+-ից պաշտպանվել
22. Աb1 քայլի միջոցով՝ ձիուն թողնելով կենտրոնում). 22… Փb6 23. c3-f6 24. h3-Նc4! սևերը ստացան շահած դրություն և 39-րդ քայլում հասան հաղթանակի՝ դառնալով մրցաշարի միանձնյա առաջատար:
Այսպիսով, 8-րդ տուրից հետո աղյուսակը 6 միավորով միանձնյա գլխավորում է Հովիկ Հայրապետյանը: Արթուր Դավթյանը 5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Զուրաբ Ստուրուան 5 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական: Վիկտոր Մատվիիշենը և Դավիթ Շահինյանը 4․5-ական միավորներով կիսում են 4-5-րդ հորիզոնականները:
Այսօր տեղի կունենա մրցաշարի եզրափակիչ 9-րդ տուրը: